Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը կժամանի Հայաստան: Կառավարության այսօրվա նիստում այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և անդրադարձել Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև համագործակցության մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել են 2021 թվականին: Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում, իսկ սեպտեմբերի 10-ին վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:
Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն (Եվրաջասթն ունի անդրազգային հանցավորության դեմ պայքարում պետություններին աջակցելու մեծ գործիքակազմ և տվյալների պահոց)»: