00:00:00

Շատ եմ կարևորում Ձեր աշխատանքն ու մեր արդյունավետ համագործակցությունը․ ՄԻՊ-ը՝ լրագրողներին

12:57, 07 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական եռօրյա աշխատաժողովին։

Միջոցառմանը մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նպատակն էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու մանդատը, ինչպես նաև իրականացված աշխատանքներն ու լուսաբանման այն առանձնահատկությունները, որոնք կարևոր են աշխատաժողովի մասնակիցների տեղեկացվածության և տարբեր ոլորտների առնչությամբ զգայունության բարձրացման համար։ 

«Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, շատ եմ կարևորում Ձեր աշխատանքն ու մեր արդյունավետ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացմանն առնչվող տարբեր խնդիրներ տեղ են գտել նաև ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում: Պաշտպանը հանձնառու է լինելու դրանց լուծման հարցում։

Աշխատաժողովը մաս է կազմում «Լրագրողները ՝ հանուն մարդու իրավունքների» ծրագրի, որի շրջանակներում ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում է լրագրողական ամենամյա մրցանակաբաշխություն: 

Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր