Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձորում անցկացվեց «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտո ցուցահանդեսը։ Հայտնում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից:
Անհայտ կորածների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհայտ կորած անձանց ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ նրանք միայնակ չեն, նրանց հարազատները չեն մոռացվել և որ մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի օգնենք նրանց ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու աջակցությունը:
«Սպասում. մեկ բառ, բայց շատ ցավոտ։ Սպասում եմ պատերազմի հենց առաջին օրից ու երբեք չեմ դադարի սպասել, որովհետև ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերո՛ս բալեն վերադառնա տուն», - ասում է Լիանա Արզումանյանը, որի որդին անհայտ կորել է 2020-ի հակամարտության սրման առնչությամբ։
Միջոցառմանը ցուցադրված էին 14 լուսանկարներ ու անձնական պատմություններ Լոռու մարզում ապրող ընտանիքներից, որոնց հարազատները անհայտ կորել են 2020 թ․-ի սրման հետևանքով։