00:00:00

ԲՐԻԿՍ-ի հարթակի ընդլայնվող «տարածքները». «Փաստ»

09:14, 31 օգոստոս 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր ձևավորվող աշխարհակարգն աչքի է ընկնում Արևմուտքի, որը հիմնականում ներկայացնում է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի զարգացած երկրները, շատ արագ զարգացող երկրների ու, այսպես կոչված, «Գլոբալ հարավի» պետությունների դիմակայությամբ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային հարաբերություններում իր գերակայությունը պահպանելու նպատակով գործի է դնում քաղաքական, տնտեսական ու անվտանգային մեխանիզմներն ու ինտեգրացիոն հարթակները։ Օրինակ՝ այս շրջանակում կարող ենք դիտարկել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Մեծ յոթնյակի հարթակները։ Մյուս կողմից էլ՝ բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու և տնտեսական առաջընթաց ապահովելու նպատակով զարգացող երկրներն իրենց հերթին փորձում են ստեղծել փոխգործակցության լայն հարթակներ, որոնցից մեկն էլ ԲՐԻԿՍ-ն է։ Շատ հաճախ մեր հասարակության շրջանում ԲՐԻԿՍ-ն ուղղակիորեն ասոցացվում է Ռուսաստանի հետ ու այն որակվում է որպես «ռուսական ինտեգրացիոն միավորում»։

Ճիշտ է, այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանն է, սակայն նախ՝ հարկ է նշել, որ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամներն են ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, որոնց միացել է նաև ՀԱՀ-ը, որն Աֆրիկայում ամենամեծ տնտեսությունն ունի։ Եվ այս կազմակերպությունն իր անվանումը ստացել է հենց հիմնադիր երկրների անունների առաջին տառերից (BRICS-Brazil, Russia, India, China, South Africa)։ Այնուհետ ԲՐԻԿՍ-ին միացան Իրանը, Եթովպիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։ Սա ԲՐԻԿՍ-ի փաստացի առաջին ընդլայնումն էր, բայց սպասվում է նաև ընդլայնման հաջորդ փուլը ևս, քանի որ բազմաթիվ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում կազմակերպությանն անդամագրվելու նպատակով։ Ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ին միանալու ձգտումներ են ցուցաբերում նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է ու ակտիվորեն փոխգործակցում է Արևմուտքի հետ։ Փաստացի Անկարան փորձում է միաժամանակ օգտվել արևմտյան ու զարգացող երկրների ստեղծած տնտեսական հարթակներից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս շտապում է առավելագույն օգուտ քաղել ամբողջ եվրասիական մայրցամաքի հիմնական առևտրային այս հանգույցից, առավել ևս, որ ո՛չ Եվրամիություն, ո՛չ էլ որևէ այլ տեղ գնալու ո՛չ իրական հնարավորություններ ունի, ո՛չ էլ առանձնապես մեծ ցանկություն:

Իսկ որ ԲՐԻԿՍ-ն ահռելի տնտեսական ներուժ ունի, դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի տարածքի 30 տոկոսը և բնակչության 45 տոկոսը։ Ու կազմակերպության շրջանակներում հիմնական քննարկումների թեման տնտեսական համագործակցության, ներդրումային ստրատեգիաների ու ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցերն են։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում ԲՐԻԿՍ-ը դիտարկվում է որպես Մեծ յոթնյակի` G7-ի ձևաչափին հակադիր կամ հակակշռող բլոկ։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կողմից է ստեղծվել Զարգացման նոր բանկը, որը 100 միլիարդ դոլար կապիտալ ունի։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ-ի անդամ և զարգացող այլ երկրներում։ Ընդ որում, ԲՐԻԿՍ-ի անդամներն այնքան են խորացրել համագործակցությունը ֆինանսական հարցերում, որ արդեն քննարկում են միասնական արժույթ ստեղծելու և միջազգային առևտրում դոլարի գերակայությունից ազատվելու հարցը։

Ընդ որում, այնպես չէ, որ ԲՐԻԿՍ-ի ձևաչափում մասնակիցների շահերը լիովին համընկնում են միմյանց։ Պետք է նկատել, որ կազմակերպության անդամներից Հնդկաստանը և Չինաստանը լուրջ հակասություններ ունեն միմյանց միջև, ու այս երկրների սահմանին երբեմն բախումներ են տեղի ունենում։ Հնդկաստանը դժկամությամբ է վերաբերվում ԲՐԻԿՍ-ի արագ ընդլայնման մոտեցմանը՝ նկատելով, որ դրան հատկապես ձգտում է Չինաստանը, որը նպատակ ունի իր տնտեսական հնարավորություններն օգտագործել ու կազմակերպության ընդլայնման միջոցով տարածել չինական ազդեցությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել ԲՐԻԿՍ-ի հարթակի հաջողված լինելը, որ ձգողականություն է առաջացնում այլ զարգացող երկրների շրջանում։ Ուստի, պետք է հաշվի նստել այս իրողության հետ։»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր