Monument Watch-ը ահազանգում է․
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Հատուկ նպատակամիտվածությամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների (նկ․ 1, 2, 3, 4, https://westaz.org/en/xeber/diaspor-genclerinin-v-yay-dusergesi-cercive…): Միջոցառումը պետական նպատակամիտվածության է և քարոզում է Իլհամ Ալիևի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը, որի վառ ապացույցը Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները, որի մասին նշված է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի պաշտոնական կայքում։ https://www.facebook.com/QAicmasi/posts/pfbid02uhf4Bms4dJb5Q1ENUJe2NEFHoyDBRZ7Rao2hfWg7SxJ8aD6yM2bDhS7tD5eMU1jEl ։
Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատկամբ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել Գալիբ Գասիմովը, համայնքի աշխատակիցներ Սանան Ախմադը և Անար Իրզագուլուևը, որոնց ելույթներից անմասն չեն եղել ՀՀ տարածքի հանդեպ բացահայտ յուրացման հռետորաբանությունը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև գրքի շնորհանդես։
Ցուցադրվել են նաև «Հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագույն ժառանգություն։
Ի թիվս արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սևանի, Սյունիքի և Երևանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։
Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքն»՝ «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի վերափոխված անունն է։ Արևմտյան Ադրբեջան հորինվածքի շուրջ ադրբեջանական քարոզչությունը նորություն չէ։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ Ա․ Ա․ Բախիխանովի անվան Պատմության Ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի պատմության», Ֆոլկլորի ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլորի», իսկ Նասիմիի անվան Լեզվաբանության ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի տեղանվանագիտության» բաժինները:
Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում, և նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։
Մեր արձագանքը
Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):