00:00:00

Պետք է հաղթահարենք իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ-ը՝ դպրոցականներին

10:55, 24 օգոստոս 2024 Հասարակություն

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:   Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:  

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:  

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը, հաղթահարենք իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը», - ասել է Պաշտպանը:   

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են նաև բուլինգի, խտրականության դեմ պայքարի, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների և մի շարք այլ հարցերի շուրջ:  Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։  Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: 

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին, որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները: 

Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին:  Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր