«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման խորհուրդը հաղորդագրություն է տարածել գրականագետ Սերժ Սրապիոնյանի մահվան առիթով․
«Մեր բոլորի կյանքից մի վառ գույն պակասեց՝ հեռացավ Սերժ Սրապիոնյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հանրային ճանաչված գործիչ, ԵՊՀ հարգված դասախոս, հայկականության համար պայքարող մարտիկ-մտավորական, խորքային գրականագետ, իրական քաղաքացի Սերժ Սրապիոնյանը։ «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը խոր վշտով արձանագրում է, որ Սերժ Սրապիոնյանի անդառնալի կորուստն անանց ցավ է ոչ միայն իր լուսավոր ընտանիքի, համալսարանական, գիտական շրջանակների, այլ նաև իր ազգային-պետական արժեքների համար պայքարի ելած հայ ամբողջ հասարակության համար։
Մեր բոլորի կյանքից մի վառ գույն պակասեց, մի հզոր ձայն, դավաճանությունն ու ուրացումը պսակազերծող և հերոսականությունը խորհրդանշող ազդու խոսք, խորաքնին հայացք մեր անցյալին և ներկային։ Ու թեև հասկանում ենք, որ նա այլևս մեր կողքին, մեզ հետ չի կանգնելու, բայց հավատացած ենք՝ Սերժ Սրապիոնյանի սերմանած բարին ու լույսը, ազգային արժեքները միշտ շարունակելու են մեզ ուղենիշ լինել, նրա դաստիարակած սերունդները կայացնելու են իրական հայրենիքի, ինքնիշխան հզոր պետության այն բոլոր երազները, հանուն որոնց Սերժ Սրապիոնյանը խոսում էր, գործում իր ողջ կյանքի ընթացքում։ Մնա՛ս բարով Աստծո լույսերում, մե՛ր գաղափարակից ընկեր, ուսուցիչ․ հոգիդ գնաց միանալու Սիամանթոյի ու Վարուժանի, հայոց գրական-հասարակական անդաստանի բոլոր հզորներին։
«Միասին» այլընտրանքային,
հասարակական-քաղաքական շարժման խորհուրդ
23․08․2024թ․»։