Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում, կարմրուկի դեպքերը շարունակում են աճել. ընդ որում` այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվն արդեն հասել է 2023 թվականի ընթացքում գրանցված դեպքերի ընդհանուր թվին: Այս մասին ահազանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը։
2023 թ.-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք, որից 382-ը երեխաների շրջանում: 2024 թ.-ի օգոստոսի 5-ի դրությամբ` Հայաստանում արդեն իսկ գրանցվել է 543 հաստատված դեպք, որից 323-ը երեխաների շրջանում:
Ըստ վերջին հասանելի տվյալների՝ 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկից 45-ում պաշտոնապես գրանցվել է կարմրուկի 56,634 դեպք և 4 մահ։ Հայաստանում մահվան 1 դեպք է գրանցվել 2023 թվականին:
«Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել` ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված: Շնորհակալ եմ մեր միջազգային գործընկերներին, ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի. համատեղ անցկացվող իրազեկման արշավները նպաստում են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` ինչպես կարմրուկի բարդություններից խուսափելու, այնպես էլ կարմրուկի դեմ պատվաստումների նշանակության մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության նվազեցման վրա։ Հերթական անգամ հիշեցնեմ, որ կարմրուկը սովորական ցան չէ, այն խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողները պետք է լինեն ուշադիր, դիմեն հաշվառման պոլիկլինիկա և պատվաստեն իրենց երեխաներին: Պատվաստման ենթակա են նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք», - նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
«Կարմրուկի դեպքերի աճն իմունականխարգելման ծածկույթի խափանման հստակ ցուցիչ է: Քանի որ կարմրուկի դեպքերը շարունակում են աճել, մենք իրականացվելիք հրատապ գործողությունների կարիք ենք տեսնում` ինչպես առողջապահական համակարգերն ամրապնդելու, այնպես էլ հանրային առողջապահական արդյունավետ միջոցառումներ իրականացնելու համար՝ ապահովելու բոլոր երեխաների պաշտպանությունը այս վտանգավոր, բայց կանխարգելելի հիվանդությունից։
Հայաստանում մենք աջակցում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը մանկական պատվաստումների վերաբերյալ առողջապահության ոլորտի մասնագետների անհրաժեշտ կարողությունների զարգացման, ինչպես նաև սառցային շղթայի և տեխնիկական սարքավորումների հզորացման ուղղությամբ` թե՛ազգային մակարդակում, թե՛ ամբուլատորիաների: Աշխատում ենք նաև մարզային ծնողական կրթական կենտրոնների միջոցով՝ ներկա և ապագա ծնողներին պատվաստանյութերի վերաբերյալ ապացուցահեն տեղեկատվություն տրամադրելու համար», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Կարմրուկն աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը շարունակում է վարակիչ լինել օդում կամ վարակված մակերեսի վրա մինչև 2 ժամ։ Վիրուսի նկատմամբ իմունիտետ չունեցող անձը կարող է վարակվել:
Ցանը հիվանդության ամենատեսանելի ախտանշանն է, սակայն բարդությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը` ականջի բորբոքում, թոքաբորբ, փորլուծություն և դրա հետ կապված ջրազրկում, կուրություն, էնցեֆալիտ:
Կարմրուկը ծանր ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա, ընդ որում` վաղ տարիքի երեխաներն առավել խոցելի են կարմրուկի բարդությունների նկատմամբ։ Հոսպիտալացման բարձր ցուցանիշները և իմունային համակարգի երկարատև թուլացումը երեխաներին դարձնում են ավելի խոցելի այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ 2023 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով վարակվածների կեսից ավելին հոսպիտալացվել է, ինչը ցույց է տալիս, թե ինչ ծանր բեռ են կրում անհատները, ընտանիքներն ու առողջապահական համակարգերը:
Կարմրուկի դեպքերն աճում են ամբողջ աշխարհում: 2023-ին կարմրուկի ավելի քան 300,000 դեպք է գրանցվել աշխարհում, իսկ 2024-ին գրանցված թվերը ցույց են տալիս, որ տարվա ընդհանուր թիվը կհավասարվի կամ կգերազանցի 2023-ինը: Երկրների և մայրցամաքների միջև վիրուսի ներմուծումը պարբերական բնույթ ունի, և այս խիստ վարակիչ հիվանության բռնկումները տեղի կունենան այնտեղ, որտեղ դրա համար «պարարտ հող կգտնվի»՝ կլինեն մեկ դեղաչափով կամ ընդհանրապես չպատվաստված անձինք:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ սեպտեմբերին մեկնարկող ուսումնական տարվան ընդառաջ` օգոստոսին հանրային իրազեկման կարճ արշավ իրականացնելու համար։ Արշավի նպատակն է՝ կոչ անել ծնողներին պատվաստել իրենց երեխաներին` համապատասխանաբար առաջին կամ երկրորդ չափաբաժիններով։ Արշավն ունի հանրային ներգրավման բաղադրիչ Դալմա մոլում և կեզրափակվի սոցիալական մեդիայի թվային արշավով: Վարակիչ հիվանդության մասին ավելին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Կարմրուկ, կարմրախտ և խոզուկ (ԿԿԽ) | UNICEF Հայաստան։
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծնողներին հորդորում են՝ պատվաստել երեխաներին կարմրուկի դեմ՝ տանելով տեղամասային պոլիկլինիկա՝ ստանալու հասանելիք կենսական չափաբաժինը: