Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով 7-րդն է (170+200):
Պոկում վարժությունում Կարապետյանի գրանցեց 170 կգ արդյունք:
Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 170 կգ-ոց ծանրաձողը:
Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Փաշիկ Ալավերդյանը եւս երկու կիլոգրամ ավելացրեց եւ պատվիրեց 177 կգ:
Անդրանիկ Կարապետյանը պոկեց 177 կգ-ը, պահեց գլխավերեւում, բայց մրցավարները չհաշվեցին: Կարապետյանը մրցահարթակից իջնելիս Փաշիկ Ալավերդյանին պարզաբանեց, որ ուսն է իջել, այլ ոչ ձեռքը: Հավաքականի մարզիչը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց քննարկումից հետո քաշը չգրանցվեց: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 170 կգ-ով:
Հրում վարժությունը մեկնարկեց 200 կգ-ով եւ հաղոջությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 10 կգ-ոց քայլ արեց եւ պատվիրեց 210 կգ: Անդրանիկ Կարապետյանը չկարողացավ հրել: Հավաքականի մարզիչը մրցահարթակի անկյունում նախատեց Կարապետյանին, թե ինչու է փախչում ծանրաձողից:
Երկրորդ մոտեցումը ձախողելուց հետո Փաշիկ Ալավերդյանը ծանրաձողի քաշը դարձրեց 215 կգ: Անդրանիկ Կարապետյանն այն մոտեցումն էլ ձախողեց եւ պայքարն ավարտեց 7-րդ տեղում:
Օլիմպիական չեմպիոնը 404 կգ համաշխարհային ռեկորդով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կարլոս Նասարն է: