00:00:00

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի օլիմպիական երկրորդ տիտղոսի համար, Հայաստանն ունի եւս 3 մասնակից

10:23, 07 օգոստոս 2024 Սպորտ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 4 մասնակից:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում պայքարը կսկսի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:

Մեկնարկային 1/8 եզրափակիչում Գալստյանի մրցակիցը կլինի Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոն:

Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ 1/8 եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա Երեւանի ժամանակով 13:00-ից A մրցագորգում:

Նույն ժամին աթլետիկայի օլիմպիական մրցաշարում վազքուղի դուրս կգա Փարիզ-2024-ում Հայաստանի միակ աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Նա կմասնակցի 800 մետ վազք մրցաձեւի որակավորման փուլին: Մեկնարկը նախատեսված է 13:55-ին:

Երեկոյան մրցահերթում Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը կպայքարեն օլիմպիական մեդալների համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Նրա մրցակիցը հայտնի կդառնա այս քաշային կարգի սփոփիչ գոտեմարտերից հետո:

Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի գոտեմարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:15-ից եւ կլինի 7-րդ գոտեմարտը մրցագորգ B-ում:

Մալխաս Ամոյանից հետո եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի օլիմպիական երկրորդ չեմպիոնության համար:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր