Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շնորհակալություն է հայտնել այսօր ծառայությունն ավարտած ստորաբաժանման անձնակազմին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ռուսական կողմը «Զվարթնոց» ավիացիոն անցակետում պետական սահմանի պահպանությունը հանձնել է հայ գործընկերներին։ Համապատասխան արձանագրությունը ստորագրել են գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը։
Հանդիսավոր արարողությանը երախտագիտության խոսքեր հայտնելով օդային անցակետում ՀՀ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար՝ գեներալը շնորհակալություն է հայտնել նաև իր բոլոր գործընկերներին՝ ՀՀ ԱԱԾ-ից և օդանավակայանի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար։ Նա նաև ասաց, որ ստորաբաժանման բոլոր նախկին աշխատակիցներին կառաջարկվի ծառայության մեկ այլ վայր՝ Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։ Գեներալը վստահություն է հայտնել, որ միջազգային միավորին բնորոշ բարեկամությունը կպահպանվի, կամրապնդվի և կշարունակվի։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանն ընդգծել է, որ 32 տարվա համատեղ աշխատանքը վկայում է սերտ գործընկերության և սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքի։ «Հուսով եմ՝ ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կշարունակեն ծառայել ի շահ հայրենիքի»,- ասաց Հունանյանը՝ շնորհակալություն հայտնելով սահմանապահ ծառայության աշխատակիցներին և վետերաններին։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնևը հիշեցրեց, որ օդային անցակետում սահմանապահների ոչ միշտ նկատելի, բայց այդքան կարևոր աշխատանքը ապահովում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգությունը։ Դիվանագետը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի տարիների ընթացքում կուտակված անգնահատելի փորձն էլ ավելի կամրապնդի անվտանգությունը։ «Ռուսաստանն իրավամբ հպարտանում է ձեզնով»,- դիմել է նա ստորաբաժանման անձնակազմին։
ԱԴԾ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ դեսպանատան խորհրդական Սերգեյ Կիվաչուկը շնորհակալություն է հայտնել անձնակազմին անբասիր ծառայության և Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների գերազանց կատարման համար։
Ելույթներից ու բարեմաղթանքներից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։ Արարողությունն ավարտվեց «Սլավոնական կնոջ հրաժեշտ» մարշի ներքո։