00:00:00

Արգիշտի Քյարամյանը Գեղարքունիքում է

16:22, 26 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր ձևավորման 10–ամյակի հոբելյանական, հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմը հուլիսի 26-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ։

Տոնական միջոցառումներին միացել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները։ 

Հոբելյանական հերթական այս միջոցառումների մեկնարկը տրվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, որտեղ իրականացվել է մոմավառություն։

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում նոր ձեռք բերված էլեկտրամոբիլները ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին փոխանցելու հանդիսավոր արարողությունը։

Պետական բյուջեից հատկացված միջոցներով, մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ ձեռք բերված BYD մակնիշի ավտոմեքենաները՝ ՀՀ ՔԿ տարբերանշաններով, ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու և իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ստորաբաժանումներին՝ վստահություն հայտնելով, որ դրանք պետք է էականորեն ազդեն քննչական անհետաձգելի գործողությունների կատարման՝ նախկինում ի հայտ եկող լոկացիոն բնույթի խնդիրների լուծմանը, բարձրացնեն գործողությունների օպերատիվությունը։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Գավառի հուշապատ-անձնագրի հուշակոթող, որտեղ Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրության մոտ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և մյուս հյուրերին ներկայացվել է քաղաքի ստեղծման և զարգացման պատմությունը։

Արգիշտի Քյարամյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ՀՀ ՔԿ հիմնական ստորաբաժանումների ղեկավարները, հարգանքի տուրք մատուցելով, ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, արցախյան  պատերազմներում զոհված հերոսների, ինչպես նաև 1941-45թթ․ Հայրենական պատերազմում զոհված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձանների մոտ։

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը նաև այցելել է Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների շնորհալի երեխաների նկարչական և քանդակագործական ստեղծագործությունների ցուցահանդեսին, ծանոթացել ներկայացված աշխատանքներին և շփվել երեխաների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը խորհրդանշական է համարել երիտասարդ, բայց կայացած համակարգի հոբելյանը աշխատակիցների երեխաների ստեղծագործություններով նշանավորելու հանգամանքը, որն արտահայտում է վառ գույներով, վստահությամբ և հոգևոր արժեքներով տոգորված ապագային նայելու խորհուրդը։

Հոբելյանական միջոցառումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են։   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր