00:00:00

«Կանգնած եմ ձեր առջև, բայց ամենազոր Աստծո շնորհիվ»․ Թրամփ

18:56, 20 հուլիս 2024 Աշխարհ

ԱՄՆ հանրապետականների համերկրային համագումարն ավարտվել է հինգշաբթի երեկոյան՝ երկրի նախագահի հանրապետական այլևս պաշտոնական թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթով: Նա ամբողջ շաբաթ ներկա էր համագումարին, բայց հինգշաբթին նրա առաջին հրապարակային ելույթն էր՝ անցած շաբաթ օրը իր դեմ իրականացված մահափորձից հետո։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ելույթը սկսել է զուսպ ոճով՝ անդրադառնալով իր դեմ կազմակերպված մահափորձին:

Խոսել է միջազգային քաղաքականությունից, թե իր նախագահության օրոք հնարավոր չէր լինի ո՛չ Ուկրաինայում պատերազմը, ո՛չ Իսրայել - «Համաս» հակամարտությունը:

«Հակամարտության [վտանգը] կախված է Թայվանի, Կորեայի, Ֆիլիպինների և ողջ Ասիայի վրա: Մեր մոլորակը Երրորդ աշխարհամարտի եզրին է: Սա կլինի այնպիսի պատերազմ, ինչպիսին երբեք չի եղել»,- հայտարարել է Թրամփը:

Հայտնի է, որ նա իր ելույթը գրել էր շաբաթներ առաջ, սակայն հետո՝ էապես փոխել է, և պատճառը մահափորձն էր իր դեմ:

«Կանգնած եմ ձեր առջև, բայց ամենազոր Աստծո շնորհիվ»,- ասել է Թրամփը:

34 հոդվածներով մեղավոր ճանաչված Թրամփը մեղադրել է Բայդենի վարչակազմին երկրի արդարադատության համակարգը իր դեմ օգտագործելու մեջ՝ չմոռանալով դեմոկրատներին նաև մեղադրել գնաճի, իր բառերով ասած, ԱՄՆ-ում թմրամոլության, հանցագործության և ապօրինի ներգաղթյալների թվի աճի համար։

«Մենք ուզում ենք, որ մարդիկ գան մեր երկիր, բայց նրանք պետք է գան այս երկիր օրինական ճանապարհով»,- ընդգծել է հանրապետականների թեկնածուն, ում ելույթը լսելու էր եկել նաև տիկինը՝ Մելանյա Թրամփը, ով առաջին անգամ էր ներկա համագումարին։

Ինչպես գիտեք, ԱՄՆ Հանրապետական կուսակցության այդ ժողովին Օհայո նահանգը ներկայացնող սենատոր Ջեյ Դի.Վենսն ընտրվեց որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու:

Ինչևէ, նման զարգացումներից հետո քաղաքական վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետականները հանդես կգան նոր ուղերձով:

«Նրանք փորձելու են ցույց տալ, թե ինչ միասնական են իրենք և ինչ քաոսային վիճակում են դեմոկրատները»,- ասում է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Շենոն Բոու Օ'Բրայենը։

Թեև Թրամփն իր ելույթում առանձնապես կանգ չառավ միասնության կոչի վրա, ինչպես ակնկալում էին որոշ դիտորդներ, սակայն հանրապետական պատվիրակներից ոմանք խոսեցին այդ մասին։

Վիսքոնսինը ներկայացնող կուսակցական պատվիրակներից մեկն ասում է. «Ոգևորված ենք այս շարժմամբ և այն [հեռանկարով], որ Դոնալդ Թրամփն ու Ջեյ Դի Վենսն այս տարի անցնելու են Սպիտակ տուն»:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր