00:00:00

ՏԿԵ նախարարի հայտարարագիրն ու թոշակառու մոր 230 հազար դոլար արժողությամբ տան կառուցումը. «Ժողովուրդ»

09:13, 19 հուլիս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Գնել Սանոսյանը մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը որեւէ կապ չի ունեցել քաղաքականության հետ, սակայն 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մինչեւ նույն թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի պաշտոնը լքելուց հետո՝ Սանոսյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսին նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

Գնել Սանոսյանը 2023 թվականի՝ անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի հայտարարագրում տեսնում ենք, որ Սանոսյանն ունի 3 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ 2022 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ Սանոսյանը նախորդ տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 անշարժ գույքը նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։

Նախարար Գնել Սանոսյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 2 մլն 916 հազար դրամ, տարեվերջին՝ դարձել 830 հազար դրամ։

Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 150 հազար ռուբլի եւ 7,2 մլն դրամ, տարեվերջին՝ 10 մլն դրամ։

ՏԿԵ նախարարի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 289 հազար դրամ, որից 19 մլն 770 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը դասախոսական աշխատանքի համար «ՄԱՐՏԻԳ» Արտաքին տնտեսական կապերի համալսարանից ստացել է 10 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Նախարարը 2023 թվականին եղբորից՝ Վարդան Հենզելի Սանոսյանից, ստացել է 1 մլն ռուբլի գումար։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 41 մլն 473 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար հաշվետու տարում Սանոսյանը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 2 մլն 218 հազար դրամ գումար, որն էլ, եկամտահարկի վերադարձի օրենքով, հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Սանոսյանի՝ հանգստի համար կատարած ճանապարհածախսերը կազմել են 4,2 մլն դրամ, վարկերի մարմանն ուղղել է 6 մլն դրամ։

Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո գտնվող «Ճանապարհային Դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետ, որի համար ստացել է գրեթե 4,5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։

Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ ՏԿԵ նախարարի թոշակառու մայրը 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով ստուգումներ են իրականացվում։

Հավելենք, որ Գնել Սանոսյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր