Երեկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը սեփական հայրենիքի՝ Արցախի հանձնումը Ադրբեջանին «գցեց» ռուսների «գրպանը»։ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր ՀՀ պաշտոնյան։ Այս հայտարարությանը ռուսական կողմն արձագանքեց։ Մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն ասել էր, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու։
2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո երբ Արցախի մեծ մասն անցավ Ադրբեջանին, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ամբողջապես անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո, ՀՀ իշխանությունները ամենատաբեր միջոցներով ու ամենատարբեր պաշտոնյաների միջոցով փորձ են անում Արցախի հանձնումը «գցել» մեկ՝ նախկինների, մեկ՝ նախկինների նախկինների, հետո հաճախ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի, մեկ Ռուաստանի վրա։ Վերջինն շատ ուղիղ կերպով ասաց ԱԽՔ–ը։ Բայց պարզվում է Փաշինյանի թիմակիցներից ոչ բոլորն են համաձայն Գրիգորյան Արմենի տեսակետի հետ։ Մասնավորապես Փաշինյանի նորանշանակ խորհրդական Արամ Խաչատրյանն այն համոզմանն է, որ Արցախը հանձնել են Արցախի գործող իշխանությունները։ Նման պնդում Խաչատրյանն արեց այսօր՝ կառավարության նիստից հետո Irakanum.am–ի այն հարցին, թե ի վերջո ո՞վ հանձնեց Արցախը։ «Արցախի գործող իշխանությունները»,– եղավ Լոռու նախկին մարզպետ, երեկվանից նոր պաշտոն ստացած Խաչատրյանի «հուժկու» պատասխանը։ Դիտարկմանը, թե ԱԽՔ–ը այլ բան է ասում, Խաչատրյանը «խորհուրդ» տվեց հարցնել հենց Արմեն Գրիգորյանին։
Այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործող իշխանության տարբեր անդամներ դեռ վերջնական չգիտեն ում մեղադրեն Արցախի կորստի մեջ, և իրար հակասող հայտարարություններ են անում, այդ կերպ վտանգելով նաև ռազմավարական ու գործընկերային հարաբերություններ։ Ինչ վերաբերում է Խաչատրյանի հայտարարությանը, ապա ըստ երևույթին նորանշանակ խորհրդականը չէր հասցրել ծանոթանալ Արմեն Գրիգորյանի «բացահայտմանը» և տվեց բոլորովին հակառակ պատասխան։ Կամ խորհրդականին ևս խորհրդական է պետք, որ խորհուրդ տա, ասել՝ բացառապես այն, ինչ այդ օրը թիմը միասնական որոշել է։
Irakanum.am