ԱՄՆ Պետքարտուղարությունը կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում անդրադարձել է ուրարակիր, մեկնարկի օրվանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Թովմաս Առաքելյանին։
Պետդեպն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թովմաս Առաքելյանը սոցիալական ցանցերում մեծ լսարան ունի ու պարբերաբար անդրադառնում է աղանդավորական կազմակերպություններին։
Այն, որ Թովմաս Առաքելյանը շարժման ակտիվ աջակիցներից էր հայտնի է բոլորին։ Նրան հանրությունը տեսնում էր և Կիրանցում և այնտեղից դեպի Երևան երթի ժամանակ ու արդեն մայրաքաղաքի փողոցներում, հրապարակում և այնտեղ տեղադրված հարթակում։ Մեկ–մեկ էլ «բլոգեր» ուրարակիրը ելույթ էր ունենում հարթակից, կոչ անելով բոլորին միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այն, որ կոչն իրապես տեղին էր ու անհրաժեշտ քննարկումից դուրս է։
Մինչ շարժման առաջնորդները հայտարարում են, որ շարժումը իր բնականոն գործունեությունն է շարունակում, որ պարզապես որոշակի վերաձևափոխումներ են արվում, իսկ փողոց ու հրապարակ կվերադառնան ըստ անհրաժեշտության ու ժամանակին, պարզվում է ամեն դեպքում ոմանք այս «դադարը» ուղիղ իմաստով են հասկացել ու որոշել են մի քիչ հանգստանալ։

Նրանց շարքին է դասվում ուրարակիր Առաքելյանը։ Ինչպես արդեն նշել էինք, վերջինս սոցիալական ցանցերում բազմաթիվ հետևորդներ ունի, ու ինստագրամում «սթորիներ» է արել իր հերթական ճամփորդությունից։ Երեկ նա ինստագրամի իր «սթորի» բաժնում հայտնել է, որ վեց անգամ չեղարկված ճամփորդությունը վերջապես իրականացրել է։ Հետո առանց ժամանակ կորցնելու հայտնել է՝ քանի որ Աթենքում եղել է, ուղղությունը փոխում է։ Չի մոռացել ինքնաթիռի պատուհանից ևս լուսնակար հրապարակել ու այդպես շարունակ։

Մի խոսքով՝ դետալ առ դետալ իր ճամփորդության մասին է կիսվում Թովմաս Առաքելյանը, ըստ էրևույթին մոռանալով կարևոր հանգամանք՝ հայրենիքը փրկված չէ, իսկ հիվանդանոցներում դեռ բուժում են ստանում հունիսի 12–ին՝ ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների պատճառով վնասվածքներ ստացած մեր հայրենակիցները։

Որեւէ մեկը չի «բռնանում» Թովմաս Առաքելյանի հանգստի իրավունքին, բայց ակնհայտ է, որ հազարավոր հետևորդներ ունեցող և շարժման ակտիվ աջակիցը լինելու դեպքում կարելի է որոշակի համեստություն դրսևորել ու հարգանք ունենալ կալանավորված անձանց, հիվանդանոցներում բուժում ստացողների, ինչպես նաև բոլոր այն հայրենակիցների նկատմամբ, ովքեր ոչ թե վեց այլ տևական ժամանակով են հետաձգել ճամփորդությունները, որպեսզի մասնակիցը դառնան սրբազան շարժմանն ու իրենց նպաստը բերեն հայրենիքի փրկության համար իրականացվող այս գործընթացներին։

Ամեն դեպքում բարի հանգիստ ենք մաղթում ուրարակրին ու նաև բարի խորհուրդ տալիս՝ վերադառնալուց հետո հայրենիքի փրկության մասին խոսելիս ամեն դեպքում ուշադիր լինել, և հիշել, երբ՝ հայրենիքը փրկության կարիք ուներ, ինքը նավով «կրուիզի» էր։
Irakanum.am