«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը մարտի 11–ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԲԿ-ներից մեկում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու է մահացել։
«Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի (Հ..Կ Տ...Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Հավելեմ, որ, ըստ միջազգային ցուցանիշի, ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60 000 դեպքից 1-ի մոտ:
2020թ հունիսին ՀՀ առողջապահության պատասխանատուն փաստում էր, որ «Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»,–գրել էր Վարդանյանը։
Առողջապահության նախարարությունը նույն օրը հայտարարություն տարածեց, թե Արարատի մարզի բնակիչ` 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այս հայտարարությունից ավելի քան երկու շաբաթ է անցել, սակայն մինչ այժմ չի հստակեցվում երեխայի մահը։
Irakanum.am–ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեց, չկան արդյո՞ք դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ի պատասխան խոսնակն ասաց, թե դեռ ոչ։ «Այս պահին դեռևս դատաբժշկական փորձաքննության փուլում է, փորձաքննությունը շարունակվում է»,– ասաց Ծատրյանը։ Դիտարկմանը, թե ինչն է պատճառը, որ նման երկար գործընթաց է, խոսնակն ասաց, թե կան փորձաքննություններ, որ ամիսներով կարող է տևել։
Մինչդեռ նկատենք, որ ոլորտի տարբեր մասնագետների գնահատմամբ նմանատիպ դեպքերում հնարավոր է կարճ ժամանակում իրականացնել դատաբժշկական փորձաքննություն և ստանալ պատասխաններ, և նախարարության նման պատասխանն առնվազն հարցեր է առաջ քաշում։ Սակայն զերծ մնալով այս պահին որեւէ գնահատական հնչեցնելուց արձանագրենք միայն, որ ՀՀ–ում մանկահասակ երեխա է մահացել, իսկ մահվան պատճառը շաբաթներ անց դեռ հայտնի չէ։
Irakanum.am