«Էն, ինչը ինքը հայտնել է ոստիկանությանը, այսինքն, որ իրեն առևանգել են՝ հասարակական– քաղաքական գործունեության հետ կապված։ Քանի, որ ինքն այդ տեղեկությունն էր հայտնել, մեզ այլ բան չէր մնում, քան ասել, որ պետք է դիմել ոստիկանությանը։ Դիմել է ոստիկանություն և մենք պահանջում ենք դեպքի բացահայտում»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն, անդրադառնալով իր ղեկավարած դաշինքի ավագանու անդամ Նարե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։
Նշենք, որ հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանը, հայտնելով, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։
Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ տվյալ տղամարդը Նարե Հայրապետյանի համար անծանոթ է եղել։ «Ինքն ասեց, որ անծանոթ է, չի ճանաչել։ Ես ենթադրում եմ, որ ոստիկանությունում այս ցուցմունքների հիման վրա ֆոտոռոբոտ կկազմեն, մի խոսքով իրավապահների տիրույթում է, մենք հետևողական կլինենք, որ այս հարցը բացահայտվի, հասկանանք, ինչ է կատարվում, քանի որ սա աննախադեպ երևույթ է, որ ավագանու անդամի առևանգեն»,– ասաց Թևանյանը։
Հարցին, թե ինչ–որ կասկածներ ունե՞ք, Թևանյանն ասաց, թե հստակ որեւէ բան ասել չի կարող։ «Չեմ կարող ասել, բայց իրա հասարակական– քաղաքական գործունեությունը բաց է, նաև շատ կոշտ ու սուր լեզու ունի, թիրախավորում է ՔՊ–ին, քույր կազմակերպությանը (նկատի ունի «Հանրապետություն») կուսակցությանը, բայց ենթադրություններ անելը ճիշտ չի ամեն դեպքում»,– նշեց Թևանյանը, հավելելով, որ իրավապահները ցանկության դեպքում կկարողանան բացահայտել կատարվածը, հատկապես, որ տեսախցիկներ կան ամենուր։
Ի դեպ Irakanum.am–ի տեղեկություններով Նարե Հայրապետյանը երկրում չէ։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն նա գտնվում է ՌԴ–ում։ Թևանյանն ասաց, որ ինքն էլ է նման տեղեկություններ ստացել, բայց անձամբ Հայրապետյանի հետ չի խոսել։ «Ես էլ եմ այդ տեղեկութոյւնը ստացել, կպարզեմ հիմա վերջնական։ Ամեն դեպքում տիկին Հայրապետյանն այս պահին կոնտակտի դուրս չի եկել, երբ, որ կոնտակտի դուրս գա․․ 3 օր է կոնտակտի դուրս չի գալիս, չի բացառվում վախեցրել են։ Իմ տեղեկություններով իր հեռախոսը առգրավել են ոստիկանությունում։
Irakanum.am