Սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Թե ինչու Նազարյանը որոշեց հեռանալ գերատեսչությունից, նախարարությունից չեն պարզաբանում, սակայն տեղեկությունների համաձայն դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել է տեղակալին «ժերտվա» տալ, փրկելու համար ստեղծված իրավիճակը։ Ինչի մասին է խոսքը։ Մեր տեղեկություններով ընդամենը մի քանի ամիս առաջ բացված Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնը նորմալ չի աշխատում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 4–ին Անահիտ Ավանեսյանը մեծ շուքով Նիկոլ Փաշինյանի, Գեղարքունիքի մարզպետի ու Արսեն Թորոսյանի հետ մասնակցել էր Մարտունիում նոր հիվանդանոցի բացմանը:
Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում 2020 թ․ հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։
Փաստացի ներդրված գումարները իրենց նպատակին չեն ծառայել, և կառավարությունը ստացել է որոշակի տեղեկություններ, որ մեծ շուքով բացված հիվանդանոցը մեղմ ասած չի կարող սպասարկել տարածաշրջանի բնակիչներին։ Անահիտ Ավանեսյանն էլ հասկանալով, որ կարող է հայտնվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղն ու հիվանդանոցային ինչ–որ իր Փաշինյանն էլ իր ձեռքը տա, փորձել է թերությունները բարդել տեղակալի վրա ու նրան հեռացնել աշխատանքից։ Ինչպես հայտնի է տարեսզկբին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու ու Արմավիրի մարզերի մի շարք համայնքներ ու դպրոցական հաստատություններ։ Փաշինյանը դժգոհ էր վերադարձել, որին էլ հաջորդել էին մի շարք պաշտոնանկություններ։ Հաշվի առնելով, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը այցելությունների շարք սկսի նորակառույց ԲԿ–ներ ու հիվանդանոցներ, և քանի, որ դրանցում առկա են բազմաթիվ խնդիրներ, Անահիտ Ավանեսյանը «էս գլխից» փորձում է իրեն ապահովագրել, աշխատանքից ազատում է մարդկանց, որ Փաշինյանի մոտ արդարանա ու այդ կերպ պահպանի նախարարի պորտֆելը, հատկապես, որ Ավանեսյանն էլ շատ լավ գիտի, որ Փաշինյանն անկախատեսելի է, ու եթե ԿԳՄՍ նախարարին հանձնարարվեց ճշտել օրինակ դպրոցներից մեկի «դուշի» գինը, չի բացառվում, որ իրեն էլ մի «դուշ» բաժին հասնի։ Ամեն դեպքում Ավանեսյանը Անդրեասյանից «բիթի» դուրս եկավ։
Irakanum.am