00:00:00

Խաչատրյանի «դուխով» հայտարարությունն ու խոսնակի լռությունը․ աղմկահարույց հայտարարությունից կես տարի է անցել

17:15, 21 դեկտեմբեր 2023 Իրավական

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի «հպարտ» ու «դուխով» հայտարարությունից կես տարի է անցել, սակայն  Խաչատրյանի ղեկավարած կառույցն այդպես էլ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ի վերջո հարցաքննվել են արդյո՞ք Առողջապահության նախկին ու ներկա նախարարները։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի ամռանը Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում դեմքին լրջություն հաղորդելով վստահեցրել էր, թե կորոնաչարաշահումների գործով կա անհրաժեշտություն հարցաքննելու ինչպես Արսեն Թորոսյանին, այնպես էլ՝ Անահիտ Ավանեսյանին։ Ընթացիկ տարին մոտենում է ավարտին, բայց Հակակոռուպցիոնում հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում, այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարները, ով ում քավորությամբ է տարբեր ծախսեր իրականացրել պետության հաշվին։ Մի ժամանակ գոնե Խաչատրյանի «գերզբաղված» խոսնակ Մարինա Օհանջանյանը այս հարցադրումների վերաբերյալ տալիս էր հերթապահ դարձած ու անգիր արած պատասխան, թե բա հարցաքննվող անձանց վերաբերյալ կառույցը տվյալներ չի տրամադրում։ Հիմա Օհանջանյանն անգամ դա «լայաղ» չի անում ասել, ավելի կոնկրետ հարցը լսում է, խոստանում՝ ավելի ուշ պատասխանել, ու հետո նմանվում շեֆին, դառնում՝ անհասանելի։

ՀՀ քաղաքացին պարտավոր է իմանալ, ինչպես են «ժողովրդավարության բաստիոնում» ծախսվել իր հարկերից գոյացած գումարները։ Առհասարակ ժողովրդավարության կարևորագույն մասնիկներից մեկն էլ թափանցիկությունն է, իսկ սա գոնե Սասուն Խաչատրյանն ու յուր խոսնակը պետք է, որ մեկը՝ «սորոսականների» հետ շփումներից հասկանար, մյուսն էլ՝ ԱՄՆ դեսպանատան միջոցներով թրեյնիգների գնալիս։ Հակառակ դեպքում ստացվում է այդ կառույցները հսկայական գումարներ են ծախսում մեր երկրում հիշյալ անձանց նմաններին ժողովրդավարություն սովորացնում, բայց անարդյունք։

Ինչ վերաբերում է կես տարի առաջ արված Խաչատրյանի հայտարարությանը, որն այդպես էլ ի կատար չի ածվում, խոսում է նրա մասին, որ Հակակոռուպցիոնի պետը կամ մեղմ ասած ստել է, նշելով, որ կա անհրաժեշտություն Թորոսյանին ու Ավանեսյանին հարցաքննելու, կամ վերջիններս այդքան էլ լուրջ չեն վերաբերել Խաչատրյանի հայտարարությանը։ Հանուն արդարության նշենք, որ և Թորոսյանը և Ավանեսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ պատրաստ են ներկայանալ նախաքննական մարմին՝ հարցաքննության։ Ու հիմա հարց է առաջանում ինչու՞ Սասուն Խաչատրյանը գոնե սեփական դիմագիծը փրկելու համար չի իրականացնում իր իսկ կողմից արված հայտարարությունը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր