00:00:00

«Ես ուզում եմ, որ այս շենքի բոլոր բնակիչներն աշխատեն, պետական բյուջեին հարկեր վճարեն»․ Նիկոլ Փաշինյանը բազմաբնակարան շենքի բնակարանամուտին էր մասնակցում

18:59, 15 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի N 36 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը: Այն կառուցվել է Բաղրամյան N 43 և Գարեգին Նժդեհի N 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով: Այդ մասին հայտնում են կառաավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը շնորհավորել է բոլորին բազմաբնակարան շենքի կառուցման առիթով և իր խոսքում նշել. «Մենք Հայաստանում տարբեր խնդիրների շարքում ունենք նաև խնդիր՝ կապված վթարային շենքերի հետ: Հանրապետությունում, ցավոք, շատ մեծ թվով վթարային շենքեր կան, և մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես լուծենք այդ հարցը: Չեմ կարող ասել, թե շատ մեծ տեմպերով այդ հարցը լուծում ենք, բայց, իհարկե, պետք է այդ մասին մտածենք: Վերադառնալով այսօրվա իրադարձությանը՝ հարկ եմ համարում արձանագրել, թե ինչ եմ ցանկանում այն ընտանիքներին, ովքեր այսօր նորամուտ են նշելու: Ցանկանում եմ, որ այդ ընտանիքները կառավարության, պետական բյուջեի կողմից այս բնակարանները ստանալով, կենտրոնանան աշխատանքի վրա, իրենց երեխաները՝ կրթության վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ աշխատում, են, պետական բյուջե հարկեր են վճարում և կառավարությունն էլ պետական բյուջեի միջոցներով կարողանում է այսպիսի ծրագրեր իրականացնել: «Ես ուզում եմ, որ այս շենքի բոլոր բնակիչներն աշխատեն, պետական բյուջեին հարկեր վճարեն, որպեսզի ուրիշներին էլ, ովքեր ամենատարբեր կարիքներ ունեն, նրանց էլ այդ բաժնեմասը հասնի: Հարկերը պետությանը չեն վճարում, մարդիկ իրենք իրենց են վճարում, և այս շենքը դրա օրինակն է»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այդ հարկերի շնորհիվ ճանապարհներն են ասֆալտապատվում, բժշկական կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում և այլն: «Ես ուզում եմ, որ հենց այս ընկալմամբ դուք այսօր մտնեք ձեր տները: Այսօր, իհարկե, ես եկել եմ ուղղակի սեփական աչքերով տեսնել, որ ամեն ինչ որակով է արված և հույս ունեմ, որ այդպես է: Ուզում եմ ուրախ Նոր տարի ցանկանալ, արդեն տարեմուտ ենք մտնում և ուզում եմ, որ դուք բարձր տրամադրությամբ նշեք Նոր տարին, Սուրբ Ծնունդը»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորի սեփականությունն ընկալելու կարևորությունը. «Սա մեր պրոբլեմն է, իրար հետ եկեք սովորենք ծառ տնկել, ծաղիկ տնկել, իրար հետ մաքուր պահել, իրար հետ կիսել: Եվ սեփականության զգացման համար պարտադիր չէ, որ այնտեղ ցանկապատեր լինեն, մեծ կողպեքներով դռներ, դռնից ներս սեփականության զգացումն ավելի մեծանում է դռնից դուրս սեփականության զգացումով, որովհետև այդ սեփականությունը սկսվում է, այո, չգիտեմ էլ այնտեղից է սկսվում, թե այստեղից: Հայաստանի Հանրապետությունն է մեր բոլորի սեփականությունը, որովհետև եթե մենք մեր սեփականությունն ընկալենք մեր շենքի ներսը, մենք մոռացության կմատնենք մեր իրական ամենամեծ սեփականությունը և ամենամեծ հարստությունը, որն է՝ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այսօր այս բնակարանները ձեզ տրամադրելով՝ ուզում է, որ դուք այդտեղ զգաք ձեզ երջանիկ, դուք զգաք ձեզ ազատ, դուք զգաք ձեզ հպարտ երկրի հպարտ քաղաքացի, բայց դա կենաց չէ, դա աշխատանք է, որը մենք միասին պետք է անենք»:

Հաջորդիվ վարչապետը շրջել է նորակառույց շենքի բնակարաններով, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքների որակին և ստեղծված պայմաններին:

Պատասխանատուների ներկայացմամբ՝ 682 մլն դրամ պետական միջոցներով կառուցվել է թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան նոր շենք, որից 38-ը՝ կհատկացվի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին, իսկ 2-ը՝ կտրամադրվի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ևս 3-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր