Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Ես կասեի, որ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է՝ ցանկանում է, որ Հայաստանն առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա ունենալ»,- ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ Փաշինյանը ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, «քանի որ նրանք ձգտում են շարունակել այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել են վերջին կամ երկու տարվա ընթացքում»։
«Եվ ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է»,- նշել է Ջեյմս Օ՛Բրայենը։