00:00:00

Իրենք էլ «պիպետկա» են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. Օհանյանը՝ իշխանությունների մասին

14:01, 15 նոյեմբեր 2023 Հասարակություն

«Այն, ինչ որ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում, միայն պետք է Զինված ուժերի ղեկավարությունը հասկանա՝ այդ սպառազինության ձեռքբերման նպատակները, դրանց դերն ու նշանակությունը, դրանց համադրելը այն համակարգերին, որոնք կան այսօր Զինված ուժերում, առաջնահերթությունները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ռազմական առումով Հայաստանի վեջին համագործակցություններ Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ, դրանք  առաջընթա՞ց են՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ պետություններից զենք-զինամթերք Հայաստանը ձեռք չէր բերել։

Նա նշեց, ձեռք է բերվում այնպիսի սպառազինություն, որը մեծ է, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապած հարցերում, այսինքն պետք է նաև հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի և նաև այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի դրանց ընտրության համար։

Ս. Օհանյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանը սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագիր է ունեցել. «Ռուսաստանի հետ ունեցել ենք նաև զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծել, համատեղ ձեռնարկություններ ձևավորել, սպառազինության համապատասխան տեսակների ընտրություն կատարել։ Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորության շրջանակներում այլ պետություններից  սպառազինության ձեռք բերելն արգելված չի եղել։ Միգուցե ոչ այդքան մեծ չափի։ Ավելի փոքր տրամաչափի  սպառազինության տեսակներ մենք ձեռք ենք բերել նաև այլ պետություններից, ինչպես խորհրդային միության այլ պետություններից, նաև եվրոպական հարթակից, Չինաստանից։

Լրագրողները նաև հիշեցրեցին վերջերս Արարատ Միրզոյանի մի հայտարարություն՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։ Մասնավորապես նա ասել էր. «Սովոր էիք և այդպիսին էր կարգը, համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է և չկաթացնեն էնքան զենք, որ երբ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի և գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»։

«Այդ խոսույթն այսօրվա իշխանությունների լեքսիկոնում է: Եթե խոսքը գնում է պիպետկային, իրենք էլ պիպետկա են ձեռք բերել առանց մեջի կաթիլների. ռազմական տեխնիկա՝ առանց սպառազինության», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերը սկսել են կայանալ զրոյական կետից, ֆիդայական ջոկատներից ձևավորվել է կանոնավոր բանակ, սպառազինություն է ձեռք բերվել գործընկերներից, մի մասը՝ անվճար, մի մասը՝ հակառակորդից որպես ռազմավար մարտական գործողությունների ժամանակ, որոնք վերանորոգվել են, շարք են կանգնեցվել ու օգտագործվել հենց նրանց դեմ։

«Իրենք կանոնավոր բանակը վեր են ածել ֆիդայական բանակի, մեր սպառազինության զգալի մասը տվել հակառակորդին որպես ռազմավար»,- ասաց Օհանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր