ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով աղմկահարույց նախագիծ է մշակել և պատրաստվում է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Խոսքը՝ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծի մասին է, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից։
Սարգսյանը ներկայացրել էր 2010-19 թթ ժամկետային զինծառայողների վերաբերյալ տվյալներ։ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող և հետագա 9 տարիների ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով։ Զինծառայողների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»,– ասել էր նա։ Ի դեպ ասուլիսին ներկա Irakanum.am–ի լրագրողը նկատել էր, որ այդ տվյալները գաղտնի են և հարցադրում էր արել, թե արդյո՞ք պատգամավորն իրավունք ունի հրապարակային դրանք ներկայացնել, ինչին ի պատասխան Սարգսյան Հայկն ասել էր, թե կարող է այդ թվերը հնչեցնել։
Այն, որ պատգամավորները իրավունք ունեն գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետել թերևս քննարկման ենթակա չէ, բայց տիրապետելն ու այդ մասին հրապարակավ հայտարարելն այլ բան է։ Ի դեպ մեր տեղեկություններով ՔՊ–ական պատգամավորի՝ թվային տվյալների վերաբերյալ հայտարարությունն առաջացրել է անգամ թիմակիցներից շատերի վրդովմունքը։ Սակայն խնդիրն այստեղ ՔՊ–ականների զգացողությունները չեն։ Ակնհայտ է, որ Հայկ Սարգսյանը զորակոչի թիվ ասելով ըստ էության ապագաղտնիացնելով հակառակորդին մեր զինված ուժերի վերաբերյալ իրավիճակը գնահատելու ինֆորմացիա է տվել։ Եթե սա աներ ընդդիմադիր որեւէ պատգամավոր, ապա պարզից էլ պարզ է, թե ինչ «վայնասուն» կհանեին իշխանական ու իշխանամերձ գործիչներն ու «ստատուսչիները», առաջարկելով գաղտնիք պարունակող տեղեկություն հայտնած անձով անհապաղ զբաղվել։ Ոմանք անգամ իրավապահներին ուղիղ հրահանգ կիջեցին, բայց կրկնում ենք, եթե դա արվեր ընդդիմադիր գործչի կողմից։
ԱԱԾ–ն ու Գլխավոր դատախազությունը պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկել իշխանական պատգամավորին, եթե իհարկե գործում են օրենքի տառին համապատասխան։ Սակայն դատելով երեկվանից տիրող իրավիճակին, կարելի է ենթադրել, որ հերթական ՔՊ–ականը կմնա անպատիժ, իսկ գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելը կդիտարկեն «ժողովրդավարության բաստիոնի» համատեքստում։
Ի դեպ բնավ էլ զարմանալի չէր, որ Հայկ Սարգսյանը կարող է հակառակորդին ուղղորդող տվյալներ հրապարակել, հատկապես, որ «աշխարացունց» նախագիծ մշակելիս նա ուսումնասիրել է Թուրքիայի ու Ադրբեջանի փորձը։
Irakanum.am