Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին․ Ալիևը կրկին «անկլավներն» էր պահանջել, այս անգամ՝ Գրանադայի հայտարարությունից հետո։
«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերում և այլ տարածքներում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանին 2021 թվականին հղած իր առաջարկը՝ որոշել՝ որ քարտեզով դելիմիտացիա անել ու ըստ այդմ՝ «սահմանի գծից զորքերը հետ քաշել», ուժի մեջ է մնում, և ինքն այդպես է պատկերացնում տարածքային պահանջների լուծումը։
«Փորձը ցույց է տալիս, որ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ։ Այդ թեման մենք այդպես ենք հասցեագրում»,- հավելեց Փաշինյանը։