Արցախը կճանապարհի վերջին հային, իր «գիրկն» առած տղերքին ավելի պինդ կսեղմի իրեն ու կկծկվի Ադրբեջանի քարտեզի մի անկյունում՝ սպասելով․․․
Ասում են՝ Արցախի Հանրապետությունն էլ չի լինի։ Բայց դա ասելով ու հրամանագրերով չէ։ Երկիրն ու հայրենիքը թղթի վրա չի ստեղծվում ու քանդվում։
Արցախը կա, չլինել չի կարող, որովհետև Արցախի «մարմինը տաք» է, Արցախի «երակներով արյուն է հոսում», «զարկերակը բաբախում է», որովհետև Արցախի սրտում տղերքն են ապրում։ Նրանք ծնվեցին Արցախի համար, ապրեցին, մահացան հանուն Արցախի, ձուլվեցին ու հավերժ մնացին Արցախի հետ։
Արցախը կա, Արցախը չլինել չի կարող, ուղղակի քաղաքակիրթ տանտիրոջ պես, ում տուն անկիրթ մարդիկ են հյուր եկել՝ անկարգ երեխաներ հետ, ատամները կսեղմի, կսպասի, մինչև․․․, միայն թե նրանց ճիրանները չհասնեն ամենաթանկին՝ իր գրկում ամուր սեղմած զավակներին, որոնց՝ քամին հայոց մյուս աշխարհից լեռներով ու ձորերով կհասցնի իրենց համար վառած խնկի բույրը, եկեղեցու ղողանջներն ու պատարագի ձայնը, որ նաև «Դեդոն ու Բաբոն» նամազի ձայնից խենթացած չբղավեն ու գրավեն ամեն ինչ ավիրող ու վերացնող վայրի ցեղի ուշադրությունը։
Վան, Մուշ, Անի, Կարս ու հիմա արդեն Արցախ․․․ թվում է՝ պատմական գիրք ենք կարդացել, կիսատ թողել ու տպավորությունների ազդեցությամբ խոր քուն մտել և արթնանալով կարդալու ենք վերջաբանը՝․․․ և հայերը հաղթեցին չար ոսոխին։
Բայց ոչ՝ աչքիդ առաջ բռնի տեղահանվածների անորոշ հայացքն է, ովքեր հայրենիքին վերջին հայացք գցելուց հետո, երևի, սովորության համաձայն, փակել են տան դուռը, բանալին դրել գրպանում, որ չկորցնեն ու դուրս եկել, իրենք էլ չհասկանալով՝ ինչու են փակում, բանալին էլ ամուր պահում։
Հետոն չգիտեն, առայժմ ներկան է կարևոր՝ երեխային փրկել թուրքից։ Ու սա գրողի տարած ժամանակակից աշխարհում։
Ինչո՞ւ պատմությունը որոշեց մեզ նորից առերեսել ցեղասպանության ու բռնի տեղահանության հետ, այսքան զարգացած ու կրթված մարդկանց աչքի առաջ․ պատճառը, թերևս, մեր մեջ պետք է փնտրենք։
Ծովից ծով Հայաստանից մնացել էր մի բուռ Հայաստան ու Արցախ, բայց արդեն մի քանի օր է՝ «մի պտղունց հայրենիք» ունենք, ու այդ «պտղունցն» էլ քարտեզի վրա չենք կարողանում տեղավորել, մեր բռունցքից անընդհատ հատիկներ են ընկնում։ Բայց այսպես մինչև երբ, չէ՞ որ հայրենիքի համար մեր կռիվն արդեն տվել էինք, մեր բաժին տառապանքը հանուն անկախության ու ազատության արդեն կրել էինք․․․ Փաստորեն, քիչ էր։
Անկախությունը սովորական արտահայտություն չէր, անկախությունն ու խաղաղությունը միայն կենացի խոսքեր չէին, դրանք ամենից վեր էին, ամենից առավել, դրանք էլ նորածնի պես խնամք ու հոգատարություն էին պահանջում։
Անկախության ու խաղաղության մեջ ապրելով՝ անկախության ու խաղաղության գինը չհասկացանք, մինչև որ չբախվեցինք սպառնալիքին ու ռիսկին։
Սևակը կասեր․ «Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի»։ Ինչքան լավ էր առանց ցավի։ Երբ չէիր վախենում քնելու մտքից, որ ժամանակից կկտրվես ու բոլորովին այլ իրականության մեջ կարթնանաս, երբ առաջին անհրաժեշտության իրերը միայն հանգստի գնալու համար էիր աչքիդ առաջ պահում, երբ վաղվա օրը քոն էր, երբ հինգ հազարից ավելի մարդ պակաս էր Եռաբլուրում ու գերեզմանոցներում, երբ Արցախն Արցախ էր, իսկ արցախցին Արցախում էր։
Իսկ հիմա Արցախն էլ հայկական չի, Արցախն էլ Արցախ չի, Արցախը մնաց Մուշի, Անիի, Կարսի, Վանի․․․ մոտ։