Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։
2023թ. Եվրոպայի չեմպիոն Թևանյանն օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Ալիևին հաղթեց ժամկետից շուտ՝ 12-2։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։
ԱԱ-ի երրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել էր նաև Սերգեյ Սարգսյանը (97 կգ), որը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր հնդիկ Սահիլ Սահիլին։
Սեպտեմբերի 18-ին մրցագորգ էր դուրս եկել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ), որը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել էր չինացի Վանհաո Զուին՝ 10-0։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Այդ դիմակայության պարտվողը կանցկացնի ևս մեկ գոտեմարտ, որում կմրցի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում պարտված ըմբիշի հետ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվողները կվիճարկեն օլիմպիական ուղեգիրը։