Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Սեպտեմբերի 11-ին մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Ռաֆիկ Հարությունյանն ու Անդրանիկ Կարապետյանը:
81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ արժանացել է այս վարժության փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում, սակայն, Հարությունյանը չի կարողացել բարձրացնել 192 կգ ծանրաձողն ու զրո է ստացել: Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացել է ֆիքսել քաշը, բայց մրցավարները նրա մոտեցումը չեն արձանագրել:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյեսը՝ երկամարտում ցույց տալով 356 կգ արդյունք (163+193 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել է այս վարժության փոքր ոսկե մեդալին:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալիբադի Ջավադին՝ երկամարտի 384 կգ արդյունքով (169+215 կգ):
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում երկամարտի դեռևս միակ մեդալն ապահովել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ 312 կգ (142+170) արդյունքով դառնալով մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Սաուդյան Արաբիայում ընթացող աշխարհի 2023 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ էին դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են եկել 55 կգ քաշային կարգում:
2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Ալեքսանդրա Գրիգորյանը, որը նորամուտն էր նշում մեծահասակների աշխարհի առաջնությունում, երկամարտի 190 կգ (83+107 կգ) արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը: