Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց օրեր շարունակ համացանցում տարածվող այն լուրերը, որ Ադրբեջանը հսկայական քանակությամբ զորք և զինտեխնիկա է տեղակայել Հայաստանի հետ շփման գծում և հենց ինքն էլ հայտարարեց, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է դառնում: «Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասաց վարչապետը։
Ըստ էության Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր պատերազմը օրերի կամ շաբաթների հարց է: Թվում է, թե նման մակարդակի հայտարարությունների ֆոնին պետք է ականատես լինեինք նաև պետական մակարդակով իրականացվող գործողությունների՝ ուղղված այդ հավանական պատերազմի վտանգը չեզոքացնելուն, կամ առնվազն ՝ հավուր պատշաճի դիմագրավելուն: Սակայն, տեսնում ենք, որ խաղաղություն տենչացող և Հայաստանի և Արցախի գոյության գնով այդ օրակարգը առաջ մղող իշխանությունները զբաղված են հույժ կարևոր այլ հարցերով: Տպավորություն է, որ իշխանություններին ոչինչ չի կարող շեղել Երևանի քաղաքապետի աթոռի համար մղվող պայքարից: Օրեր առաջ տելեգրամ ալիքներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՊՆ-ից Փաշինյանին առաջարկել են առնվազն մասնակի մոբիլիզացիա իրականացնել, ինչին Փաշինյանի կտրականապես դեմ է արտհայտվել, հայտարարելով, որ դա կխանգարի իրենց թեկնածուի քարոզարշավին և ավելորդ պանիկա կստեղծի: Եվ իսկապես, ինչու պատրաստվել պատերազմի, եթե կարելի է վազվզել Երևանի փողոցներով և ժողովրդին զենք բաժանելու փոխարեն՝ բուկլետներ բաժանել: Ի վերջո դա ավելի հեշտ գործ է:
Ինքը վարչապետը հանկարծ հիշել է, որ Հայաստանում կան հեռավոր գյուղեր և իր հերթին յուրահատուկ քարոզարշավ է իրականացում։ Դրա հետ մեկտեղ մեկը մյուսի հետևից խայտառակ ֆիասկոներ են արձանագրվում դիվանագիտական դաշտում: Ինչ արժի միայն վերջին օրերին ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարությունները ՌԴ հասցեին, և Մոսկվայից ստացվող արձագանքը: Ըստ էության, ՔՊ-ական պաշտոնյաների նման պահվածքը հերթական դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել և մոտալուտ պատերազմի շեմին դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը ամենաճիշտ որոշումը չէ, որ կարող էին կայացնել օրվա իշխանությունները: Բացի այդ՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնց անոնսը տրվեց երեկ, լուրջ հարված են հասցնելու նաև տարածաշրջանում մեր մյուս դաշնակցի՝ Իրանի Իսլամական հանրապետության հետ ՀՀ հարաբերություններին: Իսկ Իրանը ինչպես գիտենք թերևս միակ պետությունն է, որը վճռականորեն դեմ է արտահայտվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը:
Պաշտոնյաներից ոմանք, ովքեր ի պաշտոնե պետք է այսօր զբաղված լինեին միջազգային կառույցներին նամակներ հղելով, անգամ արձակուրդից չեն բարիհաճում վերադառնալ և լծվել այն աշխատանքին, որի համար հարկատուների գրպանից վարձատրվում են: Դիցուք՝ Էդուարդ Աղաջանյանը, ով հանդիսանում է արտաքին հարաբերությունների հանձանաժողովի փոխնախագահ աչքի է ընկնում միայն հանգստավայրերից արված պիկանտ նկարներով:
Չնայած, ըստ Փաշինյանի իրավիճակը պայթյունավտանգ է, իշխանությունները որոշել են ժողովրդին տեսարաններով ապահովել և 6 միլիոն դոլար են հատկացրել բյուջեից Սնուփ Դոգի համերգի իրականացման համար: Դժվար չէ կռահել, թե 6 միլիոն դոլարով որքան և ինչ կարևորագույն նշանակություն ունեցող զենք-զինամթերք կարելի էր ձեռք բերել, ինչն էլ մոտալուտ պատերազմում կբարձրացներ հայկական կողմի դիմագրավելու շանսերը:
Պետք է փաստենք, որ նոր պատերազմի մասին գուժող իշխանությունները ամենևին պատրաստ չեն այդ պատերազմին: Նման իրավիճակ էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ կառավարությունում միայն արձանագրում էին աճող լարվածությունը և հակառակորդի մտադրությունները: Թե ինչ ավարտ ունեցավ այն ժամանակ ՔՊ-ականների պասիվությունը՝ գիտեն բոլորը: Մնում է սպասել և տեսնել, թե այս անգամ ինչ գին են վճարելու Հայաստանն ու Արցախը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների դիլետանտության և պարապուրդի դիմաց…
Irakanum.am