Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախաղախային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպման մասին, փոխանցում է Sport.news.am–ը։
«Վաղվա հանդիպման համար մարտավարական սխեմայի մասին ոչինչ չեմ ասի։ Հայ լրագրո՞ղ եք։ Եթե այո՝ առանձին ձեզ կասեմ հանդերձարանում։
Այո, վաղվա հանդիպումը շատ կարեւոր է, վճռորոշ հանդիպում է։ Եթե հաղթենք Թուրքիայի թիմին, 90 տոկոս կապահովենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ 5 եզրափակիչ է մնացել։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից, դուրս կմնանք հետագա պայքարից։
Հնարավոր ոչ ոքի արդյունքի դեպքում՝ խաղից հետո կխոսենք, թե ինչ նշանակություն կունենա։
Բոլոր ֆուտբոլիստները առողջ են եւ պատրաստ են վաղվա խաղին։
Թուրքիայի հավաքականում շատ են լավ խաղացողները։ Առաջատար ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Ունդերին եւ Չալհանօղլուին։
Մենք աշխատում ենք ստանդարտ դիրքերից հարվածների վրա։ Կիպրոսի դեմ խաղում անկյունայինից հետո գոլ խփեցինք։ Հզոր ֆիզիկական տվյալներով հայ ֆուտբոլիստները աչքի չեն ընկնում, բարդ է, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Պետրակովը։