Ադրբեջանն անկեղծորեն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ և շրջել տարածաշրջանում առճակատման և վայրագությունների էջը: Այս մասին Arab News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Գնդակը Երևանի կողմն է։ Որքան շուտ գիտակցեն իրականությունը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Ադրբեջանի դեմ Հայաստանի քարոզչությունը մեզ շեղեց Վաշինգտոնի տրամադրած հարթակում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններից, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք: Այն ժամանակ մենք շատ կարևոր առաջընթաց գրանցեցինք, պատրաստվեց փաստաթղթի գրեթե 70 տոկոսը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումն ամբողջությամբ կփոխի հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը։ Բայց Հայաստանի վարչապետը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ իր զորքերը պահում է «ադրբեջանակա»ն տարածքում, ֆինանսավորում է անօրինական կրթությունը մեր տարածքում»,-ասել է Հաջիևը։
Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և արևմտյան որոշ երկրների միջև առկա առճակատումը կարո՞ղ է ազդել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հեռանկարների վրա, նախագահի օգնականը նշել է տարածաշրջանում «աշխարհաքաղաքական առճակատման տարրերի» առկայությունը։
«Մեր ուղերձը խոշոր խաղացողներին այն է, որ ներքաղաքական օրակարգը մեր տարածաշրջան արտահանելու կարիք չկա։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանը վերածվում է մեկ այլ Սիրիայի, այսինքն՝ բաժանվում է մեծ ուժերի կողմից՝ իր աշխարհաքաղաքական շահերին համապատասխան։ Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, գործում է ԵՄ առաքելությունը, ինչպես մեզ ասացին, քաղաքացիական և կարճաժամկետ։ Բայց հիմա այն դարձել է երկարաժամկետ ու ունի զինվորական անձնակազմ։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դիվանագիտական արկածախնդրության և քարոզչության փոխարեն նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, պետք է լրջորեն աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին»,-եզրափակել է Հաջիևը։