Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:
Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաեւ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ եւ քայլեր, ինչպես նաեւ բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգման նպատակով: