ՀՀ իշխանությունների հետ ունենք շատ ակտիվ շփումներ, պարբերաբար, եթե ոչ ամեն օր շփվում ենք, եւ դա չէր էլ կարող այլ կերպ լիներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:
«Խոսում ենք պրոբլեմների մասին, լինում են տարաձայնություններ եւ ամենակարեւոր տարաձայնությունը միշտ ղարաբաղյան խնդրի հետ է կապված: Ես ուզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը: Արցախյան շարժումը սկսվել է 1988 թվականին ոչ թե մարդու, ոչ թե ղեկավարի կամ իշխանության, այլ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով, հայտարարություններով եւ այն որեւէ մեկ մարդու մենաշնորհ չէ: Ոզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հարցով լինել շատ զգույշ, ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնելու եւ սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը: Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է եւ այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, եւ որին սատար է կանգնում հայ ժողովուրդը»,- ասաց նա:
ԱՀ նախագահը նշեց, որ ժողովուրդն այդ պատրաստակամությունը հայտնել է՝ հասկանալով, որ ունենալու է պատերազմներ, զրկանքներ եւ այսօր էլ Արցախի ժողովուրդը կրում է զրկանքներ՝ գիտակցելով մի բան, որ սա իր իրավունքի պայքարն է, որը սկսել է 1988 թվականին:
«Պետք է գիտակցենք, որ կլինեն տարաձայնությյուններ, բայց համոզված եմ, որ ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ չէ կորսված»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ աշխարհասփյուռ հայությունից առաջին հերթին բարոյական աջակցություն է ակնկալում, նաեւ նյութական աջակցություն, քանի որ այսօր Արցախում միայն զբաղվում են հողագործությամբ: