Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունիսի 5-11-ն իրականացված ագրոօդերևութաբանական դիտարկումների արդյունքները, ըստ որոնց․
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում գտնվել են ցողունի ներքին հանգույցների առաջացման, տեղ-տեղ՝ հասկակալման, նախալեռներում՝ հասկակալման, հովտային շրջաններում՝ կաթնային և մոմային հասունացման փուլերում։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, ձմերուկը ծաղկել է, ծխախոտը գտնվել է հինգերորդ, յոթերորդ տերևների առաջացման փուլերում։
Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, առաջացել են կարտոֆիլի կողային ընձյուղները, առանձին շրջաններում՝ ծաղկաբույլերը։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումներն առանձին շրջաններում բարելավել են հողի խոնավության պաշարները։