Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բարգատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ արձագանքել է այն դիտարկումներին ու քննադատություններին, թե «եկեղեցին ներգրավվում է քաղաքականության մեջ»։
Տավուշի թեմի առաջնորդը նշել է, թե այդ տարբերակման, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների «գործերի բաժանման» հիմքում իշխանություններն ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում և թե որն է իրականում հայ հոգևորականի դերը։ «Մեր տղերքին առոք-փառոք հուղարկավորելն ու հետո նրանց ընտանիքների հետ նստել, խոսե՞լն է հոգևորականի գործը միայն, թե՞ կանխելն ու այդ ձեռքը բռնելը, որ այդպես չլինի»,- այս համատեքստում հարց է բարձրացրել Բագրատ Սրբազանը։
«Չի՛ կարող լինել հայ հոգևորական, որ դուք մեր տղաներին սպանեք, բերեք, հանձնեք ինձ, ասեք՝ թաղի․ սա մեր գործն է, սա էլ քո գործն է։ Չի՛ լինում այդպես։ Հենց վերջին օրինակը Վարդենիսում մոխրացած մեր տղաներն են, որոնցից երկուսը Տավուշից էին, որոնց հուղարկավորությանը ես եմ եղել, որոնց հոգեհանգիստը ես եմ արել՝ իմ քահանա հայրերի, եղբայրների հետ, որոնց ընտանիքներին ես եմ այցելում, որոնց այդ ամբողջ անլուծելի ցավի մեջ ես եմ ներգրավված։ Դա՞ է միայն իմ գործը․ էդ տղերքին առոք-փառոք հուղարկավորելն ու հետո նրանց ընտանիքների հետ նստել, խոսե՞լն է իմ գործը միայն, թե՞ կանխելն ու այդ ձեռքը բռնելը, որ այդպես չլինի։
Եթե գործերի բաժանումը նշանակում է՝ դուք սպանեք, մենք՝ թաղենք, դա ձեր գործն է, սա էլ՝ մեր, ապա չէ, իմ գործը այդ ձեռքը բռնելն է, որպեսզի վերջին չհասնի»,- շեշտել է Բագրատ Սրբազանը։
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդի այս խոսքին դահլիճում ներկաները ծափահարություններով են արձագանքել։