Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել։ Irakanum.am-ի այս տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Երեկ տվյալ անձի նկատմաբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նրան ներկայացվել է մեղադրանք, քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը, և երեկ ուշ երեկոյան արգելանքից ազատ է արձակվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանը, ծեծի էր ենթարկել գյուղի բնակիչներից մեկին։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ական պաշտոնյան հարվածներ է հասցրել առողջական խնդիրներ ունեցող տղամարդու դեմքին։ Միջադեպի պատճառը մեր աղբյուրների փոխանցմամբ եղել է մոտ մեկ ամիս առաջ Արագածավանում ՔՊ-ականների հերթական հավաքը, որի ժամանակ տվյալ անձը ասել է, որ նրանք ստախոս են։
Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ առաջին անգամ չէ, որ Սուրեն Թորոսյանը գյուղում աչքի է ընկնում անպարկեշտ պահվածքով և սպառնում է համագյուղացիներին, նրանց, ովքեր չեն ընտրել, կամ չեն համակրում ՔՊ-ին։ Մենք նաև տեղեկացանք, որ ՋՕԸ կոմունալ բաժնի պետն անգամ բարձրագույն կրթություն չունի, հիմա է որոշել կրթություն ստանալ, որ իբր հետագայում այլ պաշտոնի նշանակվի։