Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերն ու գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի եւ հումքի պարտադիր լինելու պահանջը: Նախատեսվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքը եւ մթերքը հայտնաբերվելու դեպքում կասեցվում է իրացումը, առգրավվում է եւ ոչնչացվում: Առգրավման եւ ոչնչացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ին գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվել է՝ հանրապետությունում քանի՞ գործող սպանդանոցներ կան, ինչին ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը հայտնել է, որ 2020 թվականից սկսած հանրապետությունում ձեւավորվել էին 100 սպանդանոցներ, սակայն դրանց մի մասն անարդյունավետ վարչարարության հետեւանքով դադարել է գործել: Շատ սպանդանոցներ չեն գործում, քանի որ դիմողներ չկան. շատերը մորթն իրականացնում են այլ ճանապարհով:
«Սկզբում պետք է սպանդանոցների խնդիրը լուծենք, հետո մարդկանց բերենք պատասխանատվության դաշտ»,- արձագանքել է պատգամավորը՝ հետաքրքրվելով խնդրի լուծման ուղիներով: Արմեն Դանիելյանը պարզաբանել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրվելու է երեք ամիս ժամանակ՝ այդ ընթացքում փորձելով որոշակի այլընտրանքային տարբերակներ գտնել, թե ինչպես կարելի է ավելի փոքր սպանդանոցների գործունեություն թույլատրել, ինչը թույլ կտա ավելի քիչ ներդրումներով յուրաքանչյուր համայնքում սպանդանոց ունենալ:
Պատգամավորները դրական են արձագանքել փոքր սպանդանոցներ կառուցելու գաղափարին:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ սպանդանոցները գնալով պակասում են, քանի որ շահութաբեր չեն: Թույլ են տեսչական մարմնի գործիքակազմն ու վերահսկողությունը: «Եթե նրանց շահութաբերությունն ավելանա, սպանդանոցների թիվը կավելանա, մրցակցություն կլինի: Սպանդանոցները մեքենա կունենան, որը կգնա դեպի գյուղացին: Մեր ժողովուրդը պատրաստ է կիլոգրամին 100-150 դրամ ավելի վճարել, բայց սպանդանոցային միս օգտագործել, որը վտանգներ չի պարունակում»,- վստահ է նա:
Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: