00:00:00

10-ից ավելի վարորդից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող ՃՈ 2 տեսուչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

16:14, 07 հունիս 2023 Հասարակություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված, մասնավորապես՝ սահմանված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցած 14 վարորդների և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեկ վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամ: Մի շարք դեպքերում էլ վարորդների կողմից փաստացի կատարված՝ առավել խիստ վարչական պատասխանատվություն ենթադրող խախտումներն արձանագրելու փոխարեն ՃՈ տեսուչները նրանց վերաբերյալ կազմել են մեղմ իրավախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություններ:

Վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ն. Թ.-ին և Ռ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր