Կարծում եմ՝ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա։ Տեղյակ չեմ՝ քննիչը ծանուցում ուղարկել է, թե՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Անդրադառնալով Մարտի 1-ին՝ նա նշեց, որ բոլոր բացահայտումների մասին արդեն խոսվել է.«Այդ գործով գրեթե բոլոր իրեղեն ապացույցները, բազմիցս ասել եմ, կեղծվել են։ Հիմա ի՞նչ եք ուզում ինձանից»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կապ ունեն իր առանձնատան ձեռքբերումը և Արսենյանների ընտանիքի նկատմամբ քրեկան գործերի կարճման դեպքերը, որին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ դրա մասին տեղյակ չէ. «Մեր վարույթում Արսենյանների վերաբերյալ գործ չի քննվել»։
Դիտարկմանը, թե իրեն չի անհանգստացնում, թե 1 տոննա կոկաինն ինչու էին Հայաստան բերել՝ Խաչատրյանը պատասխանեց.«Իհարկե, անհանգստացնում է։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ես զբաղվում եմ կոռուպցիոն հանցագործություններով»։
Նրա խոսքով՝ այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ, 34 մլրդ դրամի վնաս ունենք, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, այդ գումարի չափով կալանք է դրված ամբողջ գույքի վրա։ Խաչատրյանը հստակեցրեց, որ 34 մլրդ-ի դեպքում գործ ունեն ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա պաշտոնյայի հետ․ նա բիզնեսմեն է։