00:00:00

Հենրի, Տարոն և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել

13:44, 29 մայիս 2023 Հասարակություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, արձագանքելով մայիսի 25-ին Արցախում ծնված եռյակ տղաների ծննդյան ավետիսին, անվանական օրհնված ոսկյա խաչեր է նվիրել նորածիններին:

Խորհրդանշական նվերն այսօր` մայիսի 29-ին, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցչի` Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ հանձնվել է նորածինների մորը: 

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրը՝ 38-ամյա Գայանե Ասրիբաբայանը նշել է, որ շոյված ու շնորհակալ է ուշադրության ու վերաբերմունքի համար։

 

«Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից ենք։ Տանը մեկ աղջիկ և մեկ տղա ունեմ: Ընտանիքս համալրվեց եռյակ տղաներով։ Առաջին ստուգման ժամանակ ասացին, որ զույգ է։ Ուրախացա ու կատակեցի` եթե եռյակ լիներ, ավելի ուրախ կլինեի։ Հաջորդ այցի ժամանակ պարզվեց, որ եռյակ է։ Մինչև 28 շաբաթականը հղիությունը վերահսկվել է Մարտունու շրջանային բուժմիավորումում, այնուհետև` Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում: Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությունը հայրենանվեր քայլ եմ համարում»,-նշել է Գ. Ասրիբաբայանը։

 

Եռյակ եղբայրներին կոչել են Հենրի, Տարոն և Տիրան անուններով։

«Դուրս գրվելուց հետո դայակի անհրաժեշտություն կունենամ։ Հույս ունեմ, որ այդ հարցում ևս օժանդակություն կստանամ»,-հավելել է նորածինների մայրը։

 

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի Նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանի հավաստմամբ` երեխաների առողջական վիճակը կայուն է։

 

«Նրանք շարունակում են ստանալ համապատասխան բուժում և խնամք և դուրս կգրվեն` լիովին պատրաստ իրենց կյանքի նոր շրջափուլին»,- իրազեկել է բժշկուհին:

.Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ծառուկյան ընտանիքի կողմից շրջափակման ընթացքում ծնված 216 արցախցի փոքրիկներ ստացել են օրհնված ոսկյա խաչեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր