Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ Պաշտպանը Գյումրու թիվ 23 և Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցներում ներկա է եղել «Վերջին զանգի» միջոցառումների:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ գիտելիքն է իրական և անփոխարինելի հարստությունը, որով կարելի է հասնել ամեն ինչի:
«Պետք չէ աշխարհից ու կյանքից սպասել մեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի։ Միշտ պետք է առաջնորդվել հակառակ տրամաբանությամբ` տալով մեզ շրջապատող միջավայրին շատ սեր, մարդկային արժեքներ և գիտելիքի վրա հիմնված աշխատանք։ Ստացած գիտելիքը յուրաքանչյուր մարդու կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, այն երբեք հնարավոր չէ կորցնել: Շնորհավորում եմ, սիրելի շրջանավարտներ, կյանքի նոր փուլ մտնելու առթիվ»,- նշել է նա:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, քննարկել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ծանոթացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Պաշտպանը հանձնել է նաև խորհրդանշական հուշանվերներ: