00:00:00

Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտում է խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները

20:01, 23 մայիս 2023 Հասարակություն

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։

«Հայաստանի ու Արցախի ազատ ու անկախ կյանքի տեսլականը վերջին երեք ու կես տասնամյակների ընթացքում իրականություն է դարձել աշխարհասփյուռ մեր ժողովրդի հերոսական պայքարի, զոհողությունների ու հանձնառությունների շնորհիվ։ Հայրենյաց պաշտպան մեր նահատակ զավակների սխրանքն ու լուսավառ օրինակը ամուր են պահել մեր ժողովրդի ոգին՝ դիմակայելու ամեն նեղության, շարունակելու հայրենի հողի վրա իր պատմական ներկայությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները մեր հայրենիքը կանգնեցրեցին անվտանգային նոր մարտահրավերների, գոյաբանական սպառնալիքի առջև, սակայն նույնիսկ այդ բարդ իրավիճակում չնվազեց մեր ժողովրդի և ազգային հաստատությունների նախանձախնդրությունը՝ շարունակելու պաշտպանել Հայաստանի ու Արցախի արդար իրավունքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները բացահայտեցին հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։ Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ։
Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։ Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը։

Խաղաղություն մեր հայրենիքին, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»,- ասվում է Գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր