00:00:00

Ուսհաստատությունում խուլիգանություն կատարած և անչափահասների նկատմամբ բռնություն կիրառած անձին մեղադրանք է ներկայացվել

17:45, 13 մայիս 2023 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած խուլիգանության, աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների մի շարք էական հանգամանքներ։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից զեկուցագիր, ինչպես նաև քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ 2023թ․ մայիսի 11-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, մի քանի անձանց կողմից Երևան քաղաքում գործող  հանրակրթական ուսումնական հստատությունում  մանկավարժների և աշակերտների հետ վիճաբանության, վերջիններիցս երկուսին հարվածելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

Բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ այդ ուսհաստատությունից նշված օրն իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասներից մեկն ստացել է քթի կոտրվածք, մյուսը՝ կզակի ու լեզվի վնասվածք:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձևավորվել է քննչական խումբ:

Վնասվածք ստացած անչափահասները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նույն օրը ձերբակալվել է մեկ անձ։ 

Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված 4 անձանց հետ, խմբի կազմում, 2023թ․մայիսի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, մուտք է գործել նշված ուսհաստատություն։ Չհարգելով հասարակությանը, արհամարհելով օրենքների և բարոյական նորմերի պահանջները՝ նույն դպրոցի աշակերտների կողմից մինչ այդ որդուն վիրավորելու չնչին առիթով նա սկսել է վիճաբանել աշակերտների և ուսուցիչների հետ։ Այդ ընթացքում նույն խուլիգանական մղումներով վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները, հնչեցրել հայհոյանքներ։ Այդ գործողությունների արդյունքում տևականորեն խաթարվել է դպրոցի բնականոն գործունեությունը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),  195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։

Նրան ներկայացվել է մեղադրանք, վերջինս ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր