ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, լրագրողներին ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ նոր հատուկ զեկույցը նշեց, որ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել:
«Ռազմական ոստիկանությունում դաժան ծեծերին զուգակցվել են սննդից ու քնից զրկելու դեպքերը։ Գերիներին ենթարկել են նաեւ եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք։ Ցուրտ եղանակին այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետեւանքով հավելյալ տառապանք է պատճառվել ռազմագերիներին»,-նշեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ դաժան ծեծի ու ահաբեկումների քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո եւ ավելի անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է նրանց արդարադատության նախարարության ենթակայության ներքո պահման վայրերում։ Սահակյանը նշեց, որ Ադրեջանի հսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվում է նրանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող գործողություններով։
«2020 թ-ին կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարը տեղադրել էին հենց իր էջում։ Ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ, օրինակ, հեռախոսները վերցնելու ճանապարհով պատերազմական հանցագործությունների վայրագությունները ուղարկվել էին նրանց ընտանիքի անդամներին, ընկերներին։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելու հատուկ միտում կա։ Արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, սակայն միտումնավոր չեն վերցնում դին ու չեն հանձնում ընտանիքի անդամներին։ Նրանք նաեւ ցուցադրական կերպով մոտենում ու լուսանկարվում են, տարածում այդ նկարները։ Որեւէ կերպ պետությունը միջոցներ չի ձեռնարկում՝ դին վերցնելու եւ հայկական կողմին փոխանցելու նպատակով։ Սա ցայտուն վկայություն է, որ այն անհայտ կորածների թիվը, որ մենք ունենք դեռեւս 2020թ․-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն է հայերի նկատմամբ»,-ընդգծեց նա։