Հիմնավորվեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի լինելը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
Նշենք, որ այսօրվա նիստում հարցաքննվում է գործով ամբաստանյալներից Գեւորգ Հարությունյանը, որը ՀՀ գյուղատնտեսության բուսաբուծության վարչության նախկին պետն է: Նա դատարանում հայտարարել է, թե իրեն Սերգո Կարապետյանն է ուղղորդել նախաքննության ընթացքում ցուցմունք տալու համար:
«Ինչ-որ կատարվեց այս դատական նիստում իրոք անակնկալ էր, եւ անակնկալ էր այն իմաստով, որ անձը իրականում ծանրութեթեւ էր արել իր կատարած ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը եւ այսօր հայտնեց իրականությունը: Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը իր ենթակա աշխատողներին ուղղակի խնդրել է: Հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի լինելը»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով՝ այս գործով հանցագործության դեպքը բացակայում է. «Տեսնում ենք, թե մեղադրողն ինչ ջանքեր է գործադրում, որ փորձի ինչ-որ մի բան ցույց տալ հանրությանը: Ամոթ է երկրի նախագահին մեղադրել այսպիսի քրեական գործով: Ամոթ է, որ տարիներ շարունակ մենք մասնակցում ենք այս դատական նիստին ու փորձում ենք ապացուցել մի բան, որը ընդհանարպես ապացուցման կարիք չունի: Մեղադրողը փորձում է դատավարության այն մասնակիցների վրա ճնշումներ գործադրել, որոնք իրեն ոչ հաճո ցուցմունքներ են տալիս: Այս գործը այսօր վերջնականապես քանդվեց»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։