ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Բունիաթյանին, Մուրադ Հովակիմյանին և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին։ Նախարարությունն արդեն միջնորդությունները ներկայացրել է ԲԴԽ, որոնց քննությունը նշանակված է մայիսի 15-ին։
Կարգապահական երեք վարույթներն էլ հարուցվել են հաղորդման հիման վրա։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի նկատմամբ վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդման հիման վրա, իսկ թե ինչ գործով թույլ տրված ենթադրյալ խախտման համար՝ ԲԴԽ որոշմամբ առ այժմ հասանելի չէ։ Դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ վարույթը հարուցվել է քաղաքացի Կարինե Պողոսյանի հաղորդման հիման վրա։ Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Կարինե Պողոսյանը դեռևս 2020թ. հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Փաստաբանների պալատի՝ պահանջելով պարտավորեցնել ՓՊ-ին՝ ՓՊ որակավորման հանձնաժողովի որոշումն մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ լուծում՝ ՀՀ փաստաբանների պալատին՝ Կարինե Պողոսյանին որակավորման քննությունը հանձնած համարել և վկայագիր հանձնելու մասին որոշում կայացնել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռ. Բունիաթյանի նախագահությամբ, 2021թ. նոյեմբերի 24-ին մերժել էր հայցադիմումը, ինչից 1.5 տարի անց՝ 2023թ. մարտի 7-ին, վերաքննիչ բողոք է ներկայացվել և ընդունվել վարույթ։
Ինչ վերաբերում է դատավոր Մուրադ Հովակիմյանին, ապա, ըստ ԲԴԽ-ի՝ դատավորի նկատմամբ ՀՀ ԱՆ կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթը եղել է Կարեն Կիրակոսյանի ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյանի դիմումը, որի ուսումնասիրության հիման վրա ԱՆ վերահսկողական վարչության պետը նախարարին է ներկայացրել համապատասխան զեկուցագիր։