Թուրքիան ծրագրում է քննարկել սիրիացի փախստականների հայրենիք վերադարձի հարցը մայիսի 10-ին Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների նախատեսված բանակցություններում։ Այս մասին երկուշաբթի օրը CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրել է ТАСС-ը։
«Սրանք բանակցություններ են լինելու Սիրիայի հարցով: Մենք կքննարկենք, թե ինչպես անվտանգ վերադարձնել սիրիացի փախստականներին իրենց հայրենիք: Բայց դրա համար պետք է հող նախապատրաստենք, ապահովենք անվտանգությունը, կայունությունը: Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի ղեկավարության ու ՄԱԿ-ի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ «այս պահին Սիրիայի ղեկավարությունն ի վիճակի չէ ապահովել փախստականների անվտանգ վերադարձը»։