Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր երկրորդ մենամարտն է անցկացրել Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը: Այս մասին գրում է Armsport.am-ը։
92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մանասյանը մենամարտել է իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում՝ Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:
Այսօր ավելի վաղ ռինգ դուրս եկած Ռուսլան Ասլիկյանը պարտվել էր մեկնարկում: 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Ասլիկյանը մենամարտել էր վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:
Այսօր երեկոյան քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի փոխչեմպիոն,86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Քոչը: