Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայրում չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը Կրեմլում չի եղել անօդաչու սարքերով Կրեմլի վրա հարձակման փորձի պահին»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա հավելել է, որ Պուտինն այժմ աշխատում է Նովո-Օգարևոյում՝ մերձմոսկովյան իր նստավայրում։
Չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին, հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմին հղումով։
«Երկու անօդաչու թռչող սարքեր ուղղված են եղել դեպի Կրեմլը։ Ռադարային մարտական համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից դուրս են բերվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Հարձակման հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։ Կրեմլի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու ժամանակ ոչ ոք չի տուժել։
Կրեմլն այդ գործողությունները որակել է ծրագրված ահաբեկչություն և մահափորձ ՌԴ նախագահի դեմ Հաղթանակի օրվա և մայիսի 9-ի շքերթի նախաշեմին։
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի, ասվում է հաղորդագրության մեջ։