Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել РБК հեռուստաընկերության «Что Это Значит?» ծրագրին:
РБК. Վաշինգտոնում այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ամերիկյան աղբյուրների համաձայն՝ արդեն մշակվում է խաղաղության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Խաղաղության կնքման օրը մոտենո՞ւմ է:
Ռուբեն Վարդանյան. Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, ինչ հիմա արել է Ադրբեջանը, պարզապես հակառուսական գործողություն է իրականացրել, և նրանք ամեն կերպ փորձում են չեղյալ համարել և չեզոքացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ, և այս տեսանկյունից, կարծում եմ, որ նոր խաղաղության պայմանագրի հիմքը շատ թույլ է, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի: Երկրորդ, ես դժվարանում եմ պատկերացնել խաղաղության մասին պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո, երբ բնակչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից, քեզ խաղաղության կոչ են անում՝ միաժամանակ ատրճանակն ուղղելով ճակատիդ. դա խաղաղ համաձայնագիր չէ: Պատմության ընթացքում երբեք նման բան չի եղել և հիմա էլ չի լինի, վստահ եմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ, դա ուղղակի մեծ խաղ է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։
РБК. Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի գործողությունները օրինական են, վկայակոչում է նախկինում ստորագրված փաստաթղթերն ու պայմանավորվածությունները։
Ռուբեն Վարդանյան. Դա ճիշտ չէ. 2,5 տարի այն գործում է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո և այն 5 կիլոմետր լայնությամբ պետք է ազատ լինի։ Ավելին, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այս քայլին գնացին Ադրբեջանի կողմից, լավ չեն պատկերացնում իրենց արածի հետևանքները: Նրանք այնքան են խճճվել, որ չեն պատկերացնում դա ինչ անցակետ է, դա ինչը ստուգելու համար է և այլն։ Ինձ թվում է՝ նրանք հիմա հսկայական խնդիր են ստեղծել ոչ միայն Արցախում ապրողներիս ու ռուսական խաղաղապահ ուժերի, այլ նաև իրենց համար՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ իրենց՝ այնտեղ գտնվելու կարգավիճակը հասկանալի չէ, հասկանալի չէ, թե ի՞նչ են ստուգում, ո՞ւմ են ստուգում, ի՞նչ հիմքով են ստուգում։ Ուստի, այս առումով, նրանք ուղղակի ավելի բարդացրել են իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով, և դա, ցավոք, ձեռնտու է միայն այն ուժերին, որոնք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը չլինի այստեղ։